ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» արձանագրությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատում 2010-ին պետական մարմինների գործունեության կատարողականության մակարդակի ցուցանիշը: «Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ 2010-ի ցուցանիշները դրական են. կատարողականության 94 տոկոսի ապահովումը նշանակում է, որ նախարարությունների վրա դրված պարտականությունների հիմնական մասը կատարվել է»,- նշել է նա:
Միաժամանակ վարչապետն ասել է, որ առանձին նախարարությունների հաշվետվություններ քննարկվել են և բացահայտվել խախտումներ, հանձնարարվել է շտկել դրանք: «Հուսով եմ, որ հետագայում կբարձրանա պետական մարմինների գործունեության կատարողականությունը նաև բովանդակության տեսանկյունից, որպեսզի հանձնարարությունները կատարվեն ոչ միայն ժամանակին, այլ նաև հնարավոր լինի գնահատել դրանց որակը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գևորգյանը, 2010-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 181 հանձնարարականի կետերից 10 կետ կամ 5.5 տոկոսն ուժը կորցրած է ճանաչվել, ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 171 կետերից կատարվել է 162 կետ կամ 94.7 տոկոս: ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 162 կետից 25-ը կամ 14.6 տոկոսն ուշացումով են կատարել:
ՀՀ կառավարությունում փետրվարի 2-ին ավարտվել են պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվությունների մասին լսումները:





