Հայաստանի Հանրապետությունում բանկոմատների անվտանգության ապահովման հետ կապված հարցերը կանոնակարգվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004թ-ի դեկտեմբերի 7-ի թիվ 321Ն որոշման հիման վրա ընդունված «Ավտոմատ գանձման սարքերի (բանկոմատների) շահագործման նվազագույն պայմանների մասին» կարգով և 2002թ-ի ապրիլի 30-ի թիվ 11 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված ավտոմատ գանձման սարքերի (բանկոմատների) շահագործման անվտանգության պայմաններն ապահովելու վերաաբերյալ» մեթոդական ուղեցույցով, ինչպես նաև առևտրային բանկերի ներքին կանոնակարգերով: Ինչ վերաբերում է վճարային քարտերի կեղծումներին, ապա վերջիններիս բացահայտմամբ զբաղվում են ՀՀ համապատասխան իրավապահ մարմինները և առևտրային բանկերի անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանումները:
Հայաստանի Հանրապետությունում 2010թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ եղել է 729.298 վճարային քարտ: Ինչ վերաբերում է առևտրի սպասարկման կետերում իրականացված անկանխիկ գործարքներին, ապա նշենք, որ անկանխիկ գործարքներն իրականացվում են ավտոմատ գանձման սարքավորումների (այսուհետ ԱԳՄ), POS տերմինալների, բանկային անկանխիկ փոխանցումների միջոցով, ինչպես նաև ինտերնետ միջավայրում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է միայն վճարային քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների վերաբերյալ տվյալներին, 2009թ.-ի համեմատ 2010թ-ին ԱԳՄ-ների, POS տերմինալների միջոցով և ինտերնետ միջավայրում իրականացված անկանխիկ գործարքների ծավալն աճել է 30 տոկոսով (2009թ.ին այն կազմել է 30,750 մլն դրամ, իսկ 2010թ-ին 40,202 մլն դրամ), հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:





