2010 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գործարքների քանակական աճ ու գների փոփոխման որոշակի կայունացում, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 173983 միավոր, 2009 թվականի համեմատ աճել է 12.6 տոկոսով կամ 19521 միավորով, այդ թվում Երևանում` 4.9 տոկոսով կամ 2604 միավորով, իսկ մարզերում` 16.7 տոկոսով կամ 16917 միավորով:
2010թ. ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 27.4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:
Գործարքների ընդհանուր քանակի 32.0 տոկոսը գրանցվել է Երևան քաղաքում: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում մեծ տեսակարար կշիռ ունեն օտարման գործարքները` 26.1 տոկոս:
2010թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացված 45353 օտարման գործարքների 80.2 տոկոսը կազմել են առուվաճառքները, 18.9 տոկոսը` նվիրատվությունները և 0.9 տոկոսը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 38.1 տոկոսն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.4 տոկոսը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2010թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2009թ. համեմատ, աճել է 8.6 տոկոսով:
2010թ. Երևան քաղաքում անշարժ գույքի 13119 առուվաճառքի գործարքների 65.8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2009թ. համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12.8 տոկոսով. այդ մասին ասվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի տարեկան հաշվետվությունում:





