Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» խաղը, որն ավարտվել էր 2:3 հաշվով «Շախտյորի» օգտին:
«Մենք լավ խաղացինք, մեզ հաջողվեց հաղթել, բայց դա չպետք է ազդի երկրորդ խաղի վրա: Այն ավելի բարդ է լինելու, և մենք պետք է ամեն ինչ անենք Դոնեցկում չսխալվելու համար: Յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել»,- ասել է Մխիթարյանը:
Նրա խոսքերով, նրա խաղն այդքան լավը չէր, և նա կփորձի հետագայում ուղղել իր սխալները. «Երեք շաբաթ անց մենք պետք է «Ռոմային» նույնպիսի խաղ ցույց տանք Դոնեցկում, որպեսզի նրանք իրենց վստահ չզգան: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ հավատում են մեզ: Իսկ մենք, մեր հերթին, պետք է հաղթենք պատասխան խաղում և անցնենք հաջորդ փուլ»:





