Երևանի «Բանանցը» այսօր Անթալիայում անցկացրեց իր ստուգողական երկրորդ հանդիպումը: Հայաստանի փոխչեմպիոնը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բելառուսի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Նաֆթան» թիմի նկատմամբ: Առաջին խաղակեսի չորրորդ րոպեին հաշիվը բացեցին բելառուսները: Երկրորդ կեսում «Բանանցը» ավելացրեց ճնշումը ու հասավ իր նպատակին: Նախ հանդիպման 50-րդ րոպեին Սամվել Մելքոնյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա 68-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դաձավ «Բանանցի» կազմում փորձաշրջան անցնող մակեդոնացի Դուշան Սավիչը:
Հաջորդ հանդիպումը «Բանանցը» անցկացնելու է փետրվարի 19-ին: Ընդ որում, մեկ օրվա ընթացքում հնարավոր է, որ մեր թիմն անցկացնի երկու խաղ: Նախ առավոտյան «Բանանցի» երկրորդ կազմը մրցելու է «Թերեքի» երկրորդ կազմի հետ, ապա երեկոյան նախատեսված է «Բանանցի» հիմնական կազմի խաղը Կրասնոդարի «Կուբանի» հետ: Վերջին հանդիպումը թիմը ծրագրավորել է անցկացնել փետրվարի 23-ին: Ըստ նախնական տվյալների մեր թիմի մրցակիցը կարող է լինել Աստանայի «Լոկոմոտիվը»:
Հայաստանի վերջին երկու առաջնությունների բրոնզե մրցանակակիր Երևանի «Ուլիսը» գոլազուրկ ոչ ոքիով է ավարտվել իր հերթական ստուգողական հանդիպումն Անթալիայում: Սևադա Արզումանյանի սաների մրցակցիները եղել են բուլղարական «Ակադեմիկի» ֆուտբոլիստները: Գյումրիի «Շիրակը» 1-1 հաշվով է ավարտել իր ստուգողական հանդիպումը բելառուսական «Նեման» թիմի դեմ:
Երևանի «Միկան» 0-3 հաշվով պարտվել է սերբական«Սլոբոդա Սեվոյոնո» ակումբից, հաղորդում է «Բանանց» ՖԱ-ի մամլո ծառայությունը:





