AM
18 Փետրվար 2011 - 11:40 AMT

Երևանում մեկնարկել են դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունները

Երևանում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է. «Դպրոցներում մեր սերունդներին լավ տնօրեններ են անհրաժեշտ ոչ միայն մարդկային, այլև հմտությունների, կարողությունների և գիտելիքների տեսանկյուններից։ Ուստի հանրակրթության մասին օրենքով սահմանված և մեկուկես տարի տևած նախապատրաստական գործընթացը համարում ենք ավարտված։ Մենք թեսթերից հանել ենք բոլոր այն հարցերը, որոնք կարող են երկիմաստ թվալ, մեկնաբանելի և առաձգական լինել իրենց պատասխանների մեջ։ Փորձել ենք մասնագիտական վիճարկումների տեղ չթողնել»,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ չի բացառվում որոշակի ժամանակահատված անց գործընթացը կիրառել նաև մասնավոր դպրոցների տնօրենների համար։

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեսթային) և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։

Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդից մասնակցում էին 24-ը, որից 9 չեն հաղթահարել գրավոր (թեստային) փուլը: 100 տոկոս արդյունք են ցուցաբերել 2 հավակնորդ: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար անցկացվող քննությունները կշարունակվեն հետևյալ օրերին. 2011 թվականի փետրվարի 23, 25,մարտի 2, 4, 9, 11, 16, 18, 22, 23, 25, 29, 30, ապրիլի 1, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: