2011թ.-ը Շուշիի գրադարանը մեկնարկեց բարենորոգ ու կահավորված: Շուրջ 83 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Շուշիի գրադարանն այսուհետ կգործի ոչ միայն որպես գրքի ու ընթերցանության կենտրոն, այլեւ կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Այն կսպասարկի Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից գյուղերի բնակիչներին` առավել հետաքրքրական ու բովանդակալից դարձնելով նրանց առօրյան:
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով` իրենք տարիներ շարունակ երազել են Շուշին տեսնել վերակառուցված ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, դրա վկայությունն են Շուշիում վերանորոգված ճանապարհահատվածները, տասից ավելի բարձրահարկ շենքերի վերակառուցված տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակույթի տանը, Աբովյանի անվան դպրոցում, ինչպես նաեւ խմելու ջրի ներքին ցանցի անցկացմանն ուղղված աշխատանքները:
Գրադարանի ֆոնդը` ավելի քան 16 500 կտոր գիրք, որ ժամանակավորապես պահ էր տրվել Մուրացանի անվան դպրոցում, օրերս կտեղափոխվի գրադարան: Եղած գրքերը կհամալրվեն նորերով: Տնօրինությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկել է. շուտով մոսկվաբնակ հայ ազգագրագրետ Կարեն Յուզբաշյանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հավաքածուն եւս կհանգրվանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Իսկ գրադարանի թվայնացումը տնօրինության առաջնահերթ ծրագրերի շարքում է, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:





