AM
23 Փետրվար 2011 - 07:18 AMT

Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ լույս է տեսել «Լեզվաշխարհ» ժողովածուն

Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը:

Լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուն նվիրված է հայոց լեզվի հիմնախնդիրներին, որոնք ժողովածուում ներկայացնում են ճանաչված լեզվաբաններ, մտավորականներ: Նախատեսվում է 2011թ. «Լեզվաշխարհ»-ը հրապարակել որպես պարբերական:

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը նշանավորվեց նաև Լեզվի պետական տեսչության պատվոգրերի հանձնումով, որին արժանացան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրատես դե ֆակտո», «Կանչ» թերթերը, ուսուցիչներ Նարինե Գալստյանը (թ. 198 դպրոց), Հասմիկ Ղազարյանը («Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»), Լարիսա Մկրտչյանը (թ. 4 դպրոց), Հրեղեն Դավթյանը (թ. 51 դպրոց), Մարիամ Ամիրյանը (թ. 137 դպրոց) և Լենա Չարխչյանը (Արարատի մարզի Գոռավանի դպրոց), հաղորդում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենիի միջազգային օր: Հայաստանում Մայրենիի միջազգային օրը նշվում է 2005 թվականից: