AM
3 Օգոստոս 2026 - 10:41 AMT

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։

«Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի այս հնարավորության համար՝ ստորագրել հրամանագիր Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ, որի առաջարկությունը ես ստացել եմ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կողմից։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ Ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու, երկիրը դեպի ապագա, բարեկեցիկ ապագա տանելու համար:

Վստահ եմ նաև, որ Ձեր սկզբունքայնությունն ի նպաստ է լինելու, իհարկե, Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը՝ սահմանադրականության սկզբունքներից ելնելով, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ և արժանապատիվ ապագայի»,-ասել է Խաչատուրյանը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ 2018-ին, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ անցնելու են այսպիսի ճանապարհով և որ ի վիճակի են լինելու այս ճանապարհը հաղթահարել:

«Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների և ոչ թե անձանց բախման միջավայր կլինի․․․Իհարկե, բանավեճերը պետք է և կլինեն սուր, բայց շատ կարևոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի և ոչ թե փոխադարձ թիրախավորումների: Համենայն դեպս, մենք Ձեր ուղերձը լսել ենք և այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ՝ կհաջողվի չշեղվել այս ուղղությունից, որովհետև միակողմանի չէ այդ գործընթացը, և եթե ընդդիմությունն այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ՝ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք»,-ասել է Փաշինյանը:

Նույն օրը նախագահն ընդունել է նաև կառավարության հրաժարականը։

Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում նշանակվել է 2018-ի մայիսի 8-ին՝ հեղափոխությունից հետո։ 2018-ի հոկտեմբերի 16-ին նա հրաժարական է ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ապահովելու նպատակով՝ շարունակելով կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։

2018-ի դեկտեմբերի 9-ին Աժ արտահերթ ընտրությունների արդյունքում նա կրկին վարչապետ է նշանակվել 2019-ի հունվարի 14-ին: 2021-ի ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը կրկին հրաժարական է ներկայացրել և հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում 2021 թվականի օգոստոսի 2-ին նա նշանակվել է ՀՀ վարչապետ։