Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Inter TV-ի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում խոսել է երկարատև կարիերայի և դեռևս ամենաբարձր մակարդակում հանդես գալու մասին:
«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, և ես, բնականաբար, շատ երջանիկ եմ։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Դա ինձ հուշում է, որ, հավանաբար, ամբողջ կարիերայիս ընթացքում ամեն ինչ ճիշտ ձևով եմ արել։ Հենց այդ պատճառով էլ կարողացել եմ այսքան երկար խաղալ, և ես իսկապես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է նա:
Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե որքա՞ն կարևոր է իր դերը երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման հարցում, հատկապես նման շրջագայությունների ընթացքում, երբ թիմը երկար ժամանակ միասին է անցկացնում և մրցում բարձրակարգ մրցակիցների դեմ։
«Նախամրցաշրջանային պատրաստության սկզբում թիմի կեսից ավելին երիտասարդ խաղացողներ էին։ Ես փորձում եմ նրանց համար օրինակ լինել։ Փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել, անել այն, ինչ գիտեմ, և նրանց ցույց տալ խաղի այն կողմերը, որոնցից կարող են սովորել և հետևել։ Իհարկե, նրանցից է կախված՝ ցանկանում են սովորել, թե ոչ, բայց ես միշտ փորձում եմ անել առավելագույնը թիմի համար։ Հիմա ես թիմի ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում։ Դա նշանակում է, որ պատասխանատվություն ունեմ օգնելու նրանց։ Հենց դա էլ փորձում եմ անել՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Փորձում եմ խորհուրդներ տալ, բայց, ի վերջո, նրանցից է կախված՝ կընդունեն դրանք, թե ոչ։ Մենք թիմ ենք, մենք ընտանիք ենք, և պետք է միասին հասնենք մեր նպատակներին»,-ասել է նա:
Մխիթարյանին նաև հարցրել են, թե որպես գործող Ա Սերիայի չեմպիոն՝ արդյո՞ք դա փոխել է իր մոտեցումը, արդյո՞ք տիտղոսը պաշտպանելն ավելի դժվար է, երբ յուրաքանչյուր մրցակից լրացուցիչ մոտիվացիա ունի հաղթելու։
«Այս պահին մենք չենք մտածում տիտղոսը պաշտպանելու մասին։ Մեր ուշադրությունն ուղղված է լավ պատրաստ լինելուն և ապացուցելուն, որ նախորդ մրցաշրջանում արժանի էինք այդ հաղթանակին։ Իհարկե, մեր ձեռքբերումը մեզ մեծ մոտիվացիա և վստահություն է տալիս, որպեսզի այս տարի ևս փորձենք կրկնել այն»,-ասել է հայ ֆուտբոլիստը:
«Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Ինտերը» մեկնել է ավստրալական Պերթ, որտեղ «ներաձուրիները» պետք է անցկացնեն հանդիպումներ «Միլանի» և «Յուվենտուսի» հետ։





