AM
3 Օգոստոս 2026 - 14:03 AMT

Կարապետյանն առաջարկել է ՔՊ–ին համաձայնության գալ և ընդունել «հակասաֆարովյան օրենք»

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում ունեցած իր առաջին ելույթի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ առաջարկելով ընդունել, իր ձևակերպմամբ, «հակասաֆարովյան օրենք»։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է խաղաղության հաստատումը, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև երկրի ժողովրդագրական անվտանգությունը, գրում է Sputnik Արմենիան:

«Մեր շատ կոլեգաներ ասացին՝ ինչո՞ւ եք ժողովրդին լարում այս հարցով։ Եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ՝ 1 օրենքով այդ հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում։ Դրանով մեր հարցերը սպառվում են»,- ասել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ, իր խոսքով, Թուրքիայում գործում է նմանատիպ սահմանափակում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, և ՀՀ քաղաքացիներն այնտեղ իրավունք չունեն հող ձեռք բերելու։

Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր նշանակություն ունի թե՛ երկրի զարգացման, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի տեսանկյունից։ Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է կանխատեսել հնարավոր ռիսկերը և բացառել Ադրբեջանից քաղաքացիների ժողովրդագրական ներկայության ձևավորումը Հայաստանում։

Նրա խոսքով՝ վերջերս Ադրբեջանի կրթության և գիտության նախարարը հայտարարել է, որ «ադրբեջանցիների վերադարձի հարցն «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում», և այդ համատեքստում, ըստ Կարապետյանի, «հակասաֆարովյան օրենքի» ընդունումը կարևոր նշանակություն ունի։

2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացներին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամները։ Հայաստանի զինված ուժերի պատվիրակության կազմում դասընթացին մասնակցում էր սպա Գուրգեն Մարգարյանը։

Դասընթացի ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը ներխուժել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարելով սպանել նրան, երբ նա քնած էր։ Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը չէր զղջացել կատարածի համար և հայտարարել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին միայն նրա հայ լինելու պատճառով՝ պնդելով, թե հայ մասնակիցներն իրեն վիրավորել և ծաղրել էին։ Ավելի ուշ Հունգարիան արտահանձնել էր Սաֆարովին Ադրբեջանին։ Նա նախկինում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել և բարձրացրել զինվորական կոչումը։