Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպի» կազմում ընդգրկված տարբեր ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
Լրագրողների հետ զրույցում «Մուլտի Վելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել է, որ թեև մարզահամալիրը վերաբացվել է, Երևանի քաղաքապետարանը շարունակում է, իր գնահատմամբ, առանց որևէ իրավական հիմքի օգտագործել իրենց գույքը, գրում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ մյուս ընկերությունների մասով օգոստոսի 3-ին ակնկալում են ստանալ որոշակի պատասխան, մինչդեռ «Մուլտի Վելնեսի» դեպքում նման սպասելիք չունեն։
Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը նշել է, որ մինչ այժմ որևէ տեղեկություն չունեն այն մասին, թե երբ են վերաբացվելու ընկերությունները, երբ են հանվելու բանկային հաշիվների վրա դրված կալանքները և ով է փոխհատուցելու այն աշխատակիցներին, որոնք արդեն մի քանի շաբաթ հարկադիր պարապուրդի մեջ են։
«Եթե իրենց համար կարևոր են մարդկային կյանքերը, իմ կարծիքով` այսօր մեզ պատասխան կտան։ Թեկուզ թող ասեն՝ մեկ շաբաթից կբացվեն, բայց հասկանանք, թե մարդկանց ինչ պատասխան տալ»,- ասել է Դավթյանը։
Մոտ 40 րոպե անց ընկերությունների ղեկավարները մուտք են գործել կառավարության շենք՝ հանդիպման մասնակցելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե պետական որ պաշտոնյան է նրանց ընդունելու։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:





