AM
3 Օգոստոս 2026 - 14:39 AMT

Օգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների առցանց հայտագրման հիմնական փուլը

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, կմեկնարկի պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հիմնական փուլում հայտագրումը կիրականացվի ընդհանուր կարգով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների համար։ Այն հասանելի կլինի նաև օտարերկրյա քաղաքացիներին, երկքաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և նրանց օրինական ներկայացուցիչներին։ Դիմել կարող են նաև այն սովորողները, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Համակարգը բաց կլինի նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, եթե նրանց ծնողները ցանկանան երեխաներին ընդունել հայերենով ուսուցմամբ դասարաններ։

Նախարարությունը հիշեցրել է նաև, որ երկվորյակների, եռյակների, քառյակների և ավելի բազմազավակ ծնունդների դեպքում, եթե երեխաներից առնվազն մեկը հայտագրվի որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում, մյուս երեխաները ևս կընդունվեն նույն դպրոց՝ անկախ լիցենզիայով սահմանված ազատ տեղերի քանակից։

Առցանց հայտագրումն իրականացվում է երկու փուլով։

Առցանց հայտագրումն իրականացվում  է  երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

ԿԳՄՍ նախարարությունը խորհուրդ է տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացման գործընթացը, քանի որ այն կարող է ժամանակ պահանջել։

Միաժամանակ նշվում է, որ նույն օգտահաշվով տարբեր սարքերից միաժամանակ հնարավոր չէ մուտք գործել համակարգ, ուստի հայտագրումն առաջարկվում է կատարել մեկ օգտահաշվով և մեկ համակարգչից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, կմեկնարկի նաև ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարանների հայտագրումը։

Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց երեխաները, ինչպես նաև այն սովորողները, որոնց ծնողներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Միևնույն ժամանակ հայտագրման անհրաժեշտություն չի լինի այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կազմակերպվում է սահմանված ներքին ընթացակարգերով։ Այդ ցանկում ընդգրկված են մասնագիտացված դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցները, հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարանները, ինչպես նաև այն միջնակարգ դպրոցներն ու վարժարանները, որտեղ սովորողները, ծնողի դիմումի հիման վրա, տեղափոխվում են նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան։

Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 2-ը իրականացվել է առաջնահերթություն ունեցող սովորողների առցանց հայտագրումը։ Այդ փուլը նախատեսված էր տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաների, ինչպես նաև դպրոցի աշխատակիցների երեխաների համար և այժմ ավարտվել է։