Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի կառավարիչ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- գրել է Պապոյանը։
«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս է կազմում:
«Մուլտի Գրուպի» կազմում ընդգրկված տարբեր ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 3-ին բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:





