Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ պահվող անձանց հարցը մշտական, ամենօրյա աշխատանքի մաս է, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է որպես խորհրդարանի ղեկավար լրացուցիչ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Գերիների, պահվող անձանց հարցը երբեք չդադարող, ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք։ Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, տպավորություն է եղել, որ կառավարությունը բան չի անում, բայց մեկ էլ հանկարծ վերադարձել են հերթական գերիները»,- ասել է Ռուբինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ խորհրդարանական մակարդակում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվելու են, ինչպես իրականացվել են մինչ այժմ։
Պաշտոնական տվյալներով՝ ներկայում Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Բաքվի դատարանի հրապարակած դատավճիռներով Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին վարույթով։ 2025 թվականի փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ապրիլի 28-ին տեղեկացվել էր, որ նա մյուս հայ գերիների հետ տեղափոխվել է Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի քրեակատարողական համալիր։





