AM
24 Փետրվար 2011 - 08:55 AMT

Երևանում տեղի կունենա սեմինար-քննարկում՝ նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» թեմայի շրջանակում նախաձեռնել է «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին:

Սեմինար-քննարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես կգան քաղաքագիտության մագիստրոս Ստեփան Հասան-Ջալալյանը «Պետականության ձեւավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» զեկույցով, «Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի մագիստրոս Լեւոն Գեւորգյանը` «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից» զեկույցով և միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը` «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» զեկույցով:

Ինչպես հայտնել են ՔԱՆ մամլո ծառայությունից, սեմինարի վերջում կցուցադրվի Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակությամբ նկարահանված` «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմը, ապա կբաժանվեն նույն հեղինակի եւս մեկ ֆիլմը` «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» պարունակող DVD-տեսասկավառակներ: