AM
3 Օգոստոս 2026 - 18:30 AMT

ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի

ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի՝ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը ներկայացված կլինեն հավասար թվով անդամներով։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի ստեղծումը հնարավոր է դարձել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախորդ գումարման խորհրդարանի վերջին նիստում կատարված փոփոխությունների շնորհիվ, հայտնում է Արմենպրեսը:

«Իրապես Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Դա նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում մեր կատարած համապատասխան փոփոխության արդյունքն է:

Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից։ Վեց ամիս անց նրանք կփոխվեն, և այդպես շարունակ։ Հանձնաժողովը լինելու է ժամանակավոր՝ երկու տարի ժամկետով, որից հետո կթարմացվի»,- նշել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանը հայտնել է, որ հանձնաժողովի ձևավորումից հետո Ազգային ժողովի խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին։

«Ես կարծում եմ՝ սա լավ փոփոխություն է։ Նախկինում տարբեր հարցերի դեպքում անընդհատ ասում էին՝ ստեղծեք հանձնաժողով։ Հիմա այդ հանձնաժողովը կա, և եթե հարցեր լինեն, դրանք կքննարկվեն հանձնաժողովում»,- ասել է նա։

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ հանձնաժողովի գոյությունն ինքնին կարող է նպաստել պատգամավորների վարքագծի բարելավմանը և կանխարգելիչ ազդեցություն ունենալ։

«Ինքնին այն փաստը, որ պատգամավորները գիտեն՝ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Լրագրողների ակնկալվող ուշադրությունը և հանրային գնահատականը կարող են օգնել մեզ բարեկրթության օրակարգի հարցում»,- ընդգծել է Ռուբինյանը։

Էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կարգավորումները սահմանող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի հուլիսի 3-ին։ Այն ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ին՝ իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը։ Օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ձևավորվի առաջին նստաշրջանի ընթացքում։