«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, հայտնում է Քննչական կոմիտեն:
Հաղորդագրության համաձայն՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Ա․Չ․-ն, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, փորձել է խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
ՔԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 4-ին նա Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ և, համոզելու ու նրանց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու շահագրգռությամբ, դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբով, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործեն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Մասնավորապես, ըստ հաղորդագրության, առաջարկվել է օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով պարտադրել այնտեղ աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան և հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը։
Քննչական և վարութային գործողությունների արդյունքում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։
Ա․Չ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։





