AM
4 Օգոստոս 2026 - 10:33 AMT

Հակոբ Արշակյանը պետական համակարգից անցնում է մասնավոր ոլորտ

ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ ավարտել է պետական համակարգում իր գործունեության կարևոր փուլը և առաջիկայում շարունակելու է աշխատել մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ պետական ծառայությանը և ստացած մանդատին մշտապես վերաբերվել է մեծ պատվով ու պատասխանատվությամբ։

«Մարտահրավերներով և հնարավորություններով լի այս տարիներին գործընկերներիս հետ միասին ներդրել ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ավելի անկախ, ավելի ուժեղ և ավելի մրցունակ պետություն․․․․

Խորհրդարանական գործունեության ընթացքում իմ առաջնային պարտականությունն էր հավատարիմ մնալ մեր ժողովրդի կողմից տրված մանդատին, ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը և գործընկերներիս հետ միասին նպաստել խորհրդարանական ինստիտուտի արդյունավետ գործունեությանը։

Բազմաթիվ բարդ ու երբեմն սուր քաղաքական քննարկումների առանցքում մշտապես եղել է ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցը։ Այն շարունակաբար ենթարկվել է տարբեր ներքին և արտաքին մարտահրավերների, ինչը մեզ պարտավորեցրել է հետևողական ու սկզբունքային աշխատանքով պաշտպանել և ամրապնդել մեր պետականությունը»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ միջազգային հարթակներում խորհրդարանական դիվանագիտությունը կարևորագույն գործիքներից է պետության հեղինակության ձևավորման, Հայաստանի դիրքորոշումների ներկայացման և երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման գործում։

«Ամենօրյա աշխատանքով Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի հետ միասին հետևողականորեն ապահովել ենք խորհրդարանի բնականոն գործունեությունը՝ պահպանելով նրա՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի արդյունավետ աշխատանքը։

Խորհրդարանը Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր հարթակն է և, հետևաբար, նաև մեր պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի հիմնական թիրախներից մեկը։ Այն մշտապես պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ամուր ինստիտուտներ և հետևողական պաշտպանություն։ Իմ խորհրդարանական գործընկերներին մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն՝ այս կարևոր առաքելությունը շարունակելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր պետության և ժողովրդի։

Այսօր ավարտվում է իմ պետական ծառայության կարևոր մի փուլ։ Սակայն համոզված եմ, որ հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով։

Առաջիկայում իմ գործունեությունը շարունակելու եմ մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում՝ իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին, նորարարության զարգացմանը և մարդկային կապիտալի ամրապնդմանը։

Համոզված եմ, որ հենց այս ուղղություններն են մեր երկրի երկարաժամկետ անվտանգության, մրցունակության և բարեկեցության կարևորագույն նախադրյալները»,-գրել է նա:

Արշակյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին՝ պետական կառավարման համակարգում, Ազգային ժողովում, գիտական և մասնագիտական համայնքներում, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ պատիվ է ունեցել աշխատելու։

«Պաշտոնները ժամանակավոր են, իսկ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությունը՝ մշտական»,-գրել է նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: