AM
4 Օգոստոս 2026 - 12:35 AMT

ԶԼՄ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն, կան ձերբակալվածներ

Factor TV-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին ժամը 07։30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ գործելով մի խումբ անձանց հետ, ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս ապօրինի որս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի նկատմամբ, գրում է Factor.am-ը:

Էկոպարեկային ծառայության հիմնական գործառույթներն են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը, օրենսդրությամբ սահմանված իրավասության շրջանակում իրավախախտումների հայտնաբերումը, կանխումը և կանխարգելումը։

Ծառայության պարտականությունների մեջ են մտնում նաև պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների կատարման ապահովումը, անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացման ապահովումն ու մարդու գործունեության հետևանքով առաջացող բացասական ազդեցությունների կանխարգելումը կամ մեղմացումը։