ԲՀԿ առաջնորդ և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է, գրում է Sputnik Արմենիան:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 1 մլրդ 137 մլն 16 հազար 645 դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի և ընկերության 100 տոկոս մասնակից, իրական շահառու Հայկ Գալստյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով։
Արթուր Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, 15 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հայկ Գալստյանը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հուլիսի 31-ին հաղորդվել էր, որ իրավապահները գործողություններ էին իրականացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ում, խուզարկություններ էին կատարել և ձերբակալել ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը դատարանից պահանջել է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և մոտ 106 մլրդ դրամ։





