Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կենսաբանության գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:
Ներկայացնելով տիրող վիճակը, նա նշել է, որ Երևանյան լճի մակերեսին նկատվել են սատկած ձկներ, ջրլող թռչուններ, իսկ ափամերձ գոտիներում կենցաղային աղբ է կուտակվել։
«Լճի ջուրն ամբողջովին պատվել է միաբջիջ ջրիմուռներով, իսկ ափամերձ գոտիներում մեծ ծավալի կենցաղային աղբ է կուտակվել։ Առավել ծանր իրավիճակ է ձևավորվել այն վայրերում, որտեղ կոյուղաջրերը լցվել են լիճ, հատկապես ԱՄՆ դեսպանատան հարակից հատվածում։ Այդ տեղամասերում ափն ամբողջությամբ ծածկվել է բորբոսնած աղբով, իսկ տարածվող գարշահոտությունն այնքան ուժեղ է դարձել, որ առանց շունչը պահելու գրեթե անհնար է քայլել։
Լճի մակերեսին նկատվել են բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ և ջրլող թռչուններ, այդ թվում՝ հայկական որորներ։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որորները, արտաքին վնասվածքներ չունենալով, չեն կարողացել լողալ և սատկել են։ Այսօր անձամբ երկու խեղդվող որոր եմ դուրս բերել լճից։ Հնարավոր է՝ դրանք հիվանդ են կամ ինչ-որ նյութից թունավորված»,-գրել է նա:
Ըստ գիտնականի, Երևանյան լիճն այսօր իսկապես մեր ուշադրության և օգնության կարիքն ունի, քանի որ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, խնդիրը կարող է ունենալ ավելի լուրջ հետևանքներ։





