Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին հայտարարել է, որ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը քիչ հավանական է, իսկ ավելի իրատեսական տարբերակ է համարել նոր եվրոպական պաշտպանական դաշինքներին մասնակցությունը։
«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ այն գործով, որպեսզի մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները։ Եվ ամեն տարի լսել եմ հեքիաթներ այն մասին, թե ահա-ահա մենք անդամակցելու ենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի այդ դաշինքին»,– հայտարարել է նա, հայտնում է Deutsche Welle-ն:
Զալուժնու խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ ուկրաինական բանակի ներկայիս զարգացման մակարդակը չի համապատասխանում դաշինքի պահանջներին։ Բացի այդ, նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է առաջնորդվել հին մոտեցումներով և մոտ ապագայում չի փոխի իր ներքին կազմակերպման սկզբունքները։
«Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա այն տեսքով, ինչպիսին այժմ է։ Եվ դեռ մոտ 12 տարի կպահանջվի, մինչև Ուկրաինան անցնի այն չափանիշներին, որոնց պետք է հասնի, որպեսզի գոնե հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,– նշել է Զալուժնին։
Միևնույն ժամանակ Զալուժնին ընդգծել է, որ Ուկրաինային շարունակում են անհրաժեշտ լինել այն տեխնոլոգիաները, որոնք ներկայումս առկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հակահրթիռային պաշտպանության միջոցներին, այդ թվում՝ ամերիկյան Patriot համալիրներին, որոնց համար նախատեսված հրթիռների պակասը, ինչպես ավելի վաղ նշել էր Վլադիմիր Զելենսկին, դժվարացնում է ռուսական հրթիռային հարձակումների հետմղումը։
Անվտանգության ապահովման առավել իրատեսական տարբերակ Զալուժնին համարել է Ուկրաինայի մասնակցությունը նոր պաշտպանական դաշինքներին, այդ թվում՝ JEF-ին։
«Ուկրաինան… կկապվի այն բլոկերի և դաշինքների հետ, որոնք, ըստ ամենայնի, դեռ ձևավորվելու են։ Ամենայն հավանականությամբ, խոսքը եվրոպական ռազմաանվտանգային դաշինքի մասին է»,– հայտարարել է Զալուժնին։
Զալուժնին ափսոսանք է հայտնել, որ, իր կարծիքով, Կիևը դեռ բավարար ակտիվությամբ չի աշխատում JEF-ին լիարժեք անդամակցելու ուղղությամբ։ Միաժամանակ նա նշել է, որ դաշինքի կառավարման մարմինները դեռևս բավարար չափով զարգացած չեն և չեն համապատասխանում այն մակարդակին, որը լիովին կբավարարեր Ուկրաինայի պահանջները։ JEF-ի ներկայիս կազմակերպական կառուցվածքը չի նախատեսում կոլեկտիվ պաշտպանության պարտավորություններ։





