AM
4 Օգոստոս 2026 - 16:58 AMT

Բայրամով․ Մինսկի խմբի կառույցների լուծարումը նախորդ տարվա ԵԱՀԿ գլխավոր իրադարձությունն էր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Մինսկի խմբի ինստիտուտների լուծարումն 2025 թվականի ԵԱՀԿ ամենանշանակալի իրադարձությունն է եղել։ Այդ մասին նա ասել է Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության դաշնային արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է APA-ն:

«Շվեյցարացի գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ անցյալ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովի նշանակությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

Այնտեղ ընդունված փաստաթղթերից, անկասկած, կարելի է առանձնացնել առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը ԵԱՀԿ անդամ պետություններին՝ նախկին հակամարտության հետ կապված Մինսկի խմբի ինստիտուտները լուծարելու կոչով։ Անցյալ տարվա դեկտեմբերին այդ գործընթացը ԵԱՀԿ շրջանակում ամբողջությամբ ավարտվեց։ Այդ ինստիտուտները լուծարվեցին, և, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՀԿ տարածքում վերջ դրվեց մեկ հակամարտության։ Մենք կարծում ենք, որ սա անցած տարվա ամենանշանակալի իրադարձությունն էր ԵԱՀԿ համատեքստում», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

Շվեյցարիայի Համադաշնության դաշնային արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը ժամանելու է նաև Հայաստան: