AM
4 Օգոստոս 2026 - 17:18 AMT

Սաղաթելյան․ Աշնանը ՀՀ-ն կանգնելու է ծանր քաղաքական զարգացումների առաջ

Առաջիկա աշունը Հայաստանի համար կարող է դառնալ ծանր քաղաքական զարգացումների շրջան, և ընդդիմությունը պետք է արդեն հիմա պատրաստվի դրանց։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սպասվող գործընթացները կապված են լինելու Սահմանադրության փոփոխության հետ, որը, ըստ նրա, կառավարող ուժը խորհրդարանում առկա ձայներով չի կարող իրականացնել։ Սաղաթելյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը ներկայացվի խորհրդարան, ընդդիմությունը չի աջակցի դրան, գրում է Sputnik Արմենիան:

«Մեր մասով բացառում եմ, որ որևէ մեկը միանա այդ նախաձեռնությանը»,– ասել է Սաղաթելյանը։

Ներկայիս Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, հետևաբար Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 70 «կողմ» ձայն։ ԿԸՀ վերջնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64 մանդատ, այսինքն՝ հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությանը հասնելու նպատակով անհրաժեշտ է ևս 6 ձայն։

Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանությունները տարբեր հայտարարությունների միջոցով հասարակությանը տրամադրում են ընդդիմության դեմ, որպեսզի հետագայում ճնշումների, շանտաժի և բռնաճնշումների պայմաններում կարողանան կատարել Ադրբեջանի պահանջները։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն տվել են այդ գործընթացի մեկնարկը։ Ով չի աջակցում Ադրբեջանի պահանջների կատարմանը, ներկայացվելու է որպես հակապետական ուժ»,– նշել է պատգամավորը։

Նա նաև պնդել է, որ վարչապետը բավարար խորհրդարանական աջակցություն չի ստացել իր խոստումները կյանքի կոչելու համար և կարող է փորձել այդ նպատակին հասնել այլ մեթոդներով։

«Փորձելու են շանտաժի, սպառնալիքների, ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով կոտրել դիմադրությունը, որպեսզի կարողանան բավարարել Ադրբեջանի պահանջները»,– ավելացրել է պատգամավորը։

Սաղաթելյանի համոզմամբ՝ ընդդիմությունը չի կարող սահմանափակվել միայն խորհրդարանական աշխատանքով։

«Մեր ուժը խորհրդարանում բավարար չէ փոփոխությունների հասնելու համար։ Դրան պետք է ավելանա ժողովրդի ուժը Հայաստանի Հանրապետության հրապարակներում»,– ընդգծել է նա։

Պատգամավորը կրկնել է նաև ավելի վաղ հնչեցրած առաջարկը՝ ձևավորել «ՈՉ»-ի ճակատ, որը կհամախմբի խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր այն ուժերին, որոնք դեմ են, իր ձևակերպմամբ, Հայաստանին պարտադրվող օրակարգին։ Նրա խոսքով՝ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ պատրաստվում են նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։

«Այս աշնանը Հայաստանի համար ակնհայտորեն սպասվում են ծանր զարգացումներ, և ընդդիմության գլխավոր օրակարգը պետք է լինի դրանց հակազդելը։ Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստ չէ այս «բագաժով», այս ստացած քվեով, այս ընտրություններով, ակնհայտ գողացված մանդատներով այս օրակարգը սպասարկել, այդ պատճառով նրա համար բավականին դժվար է լինելու»,– եզրափակել է Սաղաթելյանը։

2025 թվականի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այդ ժամանակ նա նշել էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքաղաքական հարց է, սակայն այն չի կարող զերծ մնալ տարածաշրջանային և միջազգային ազդեցությունից։ Արդեն ապրիլին վարչապետը խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Իր հերթին Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ՝ հիմնավորելով, թե դրանում առկա են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու վերաբերյալ դրույթներ։

ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։