AM
5 Օգոստոս 2026 - 10:40 AMT

ՌԴ-ն կսահմանափակի քաղաքական էմիգրանտների իրավունքները․ Պուտինը ստորագրել է օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով սահմանափակվում են արտերկրում բնակվող և քրեական կամ վարչական գործերով հեռակա կարգով դատապարտվածների իրավունքները։ Օրենքն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

Փաստաթղթով քաղաքական վտարանդիներին արգելվում է ստանալ արտասահմանյան անձնագրեր և օգտվել Ռուսաստանի դեսպանատներում ու հյուպատոսական հիմնարկներում մատուցվող հյուպատոսական ծառայություններից։ Բացի այդ, նրանք զրկվում են Ռուսաստանում իրենց գույքն ու դրամական միջոցները տնօրինելու իրավունքից, գրում է Current time-ը:

Օրենքով նախատեսվում է նաև բանկային հաշիվների արգելափակում և բանկերի բջջային հավելվածների հասանելիության սահմանափակում, որպեսզի անհնար դառնա դրամական փոխանցումների իրականացումը։ Ռուսաստանում վաստակած կամ ստացված բոլոր միջոցները, այդ թվում՝ կենսաթոշակները, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ստացվող վճարումները, փոխանցվելու են հատուկ ռուբլային հաշվին։ Այդ հաշվից միջոցները հնարավոր կլինի օգտագործել միայն դատարանի կողմից նշանակված տուգանքների վճարման համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից հեռացած անձանց մերձավոր ազգականները, որոնք սեփական եկամտի աղբյուր չունեն, կարող են ստանալ ամսական նպաստ՝ սառեցված միջոցների հաշվին։

Օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2025 թվականի դեկտեմբերին և նույն ամսին ընդունվել առաջին ընթերցմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փոփոխություններն անվանել են «քաղաքացիությունից փաստացի զրկելու մասին օրենք»։

Հուլիսի 22-ին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծն ընդունել էր միանգամից երկրորդ և երրորդ ընթերցումներով։ Փաստաբան Վալերիա Վետոշկինան ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնց կարող են վերաբերել նոր սահմանափակումները։