AM
5 Օգոստոս 2026 - 10:46 AMT

Օտարերկրացիների մուտքը Ղազախստան կարող է դառնալ վճարովի

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մշակել և «Բաց իրավական ակտեր» հարթակում հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է օտարերկրացիների համար երկիր մուտք գործելու վճարովի էլեկտրոնային թույլտվությունների ձևակերպում։

Թույլտվության ձևակերպման արժեքը դեռևս հայտնի չէ, գրում է Meduza-ն:

ՆԳՆ-ի նախագծում նշվում է, որ «վճարի տարբերակված մոտեցումը» հնարավորություն կտա կուտակել միջոցներ՝ թվային ենթակառուցվածքի սպասարկման և անձնական տվյալների պաշտպանության համար, սակայն ակնկալվող գումարները չեն ներկայացվում։ Վճարովի էլեկտրոնային թույլտվությունների ներդրումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր։

Digital Business-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախագծում չեն նշվում այն օտարերկրացիների կատեգորիաները, որոնց համար մուտքի թույլտվությունը պարտադիր կլինի, ուստի հայտարարել, թե այն կվերաբերի բոլորին, «առայժմ վաղաժամ է»։

ՆԳՆ-ի նախագիծը մշակվել է միգրացիոն վերահսկողության արդիականացման և թվայնացման վերաբերյալ նախագահի հանձնարարականի կատարման շրջանակում։ Հունիսին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենք, որով փոփոխություններ են կատարվել միգրացիայի մասին օրենսդրության մեջ, և հենց այդ փաստաթղթով է ամրագրվել երկիր մուտք գործելու էլեկտրոնային թույլտվություն սահմանելու հնարավորությունը։

Մինչև օգոստոսի 17-ը նախագիծը գտնվելու է հանրային քննարկման փուլում։

Ղազախստանը, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի և որևէ հատուկ թույլտվության, Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանում հայտարարված զորահավաքից հետո դարձել է զանգվածային արտագաղթի հիմնական ուղղություններից մեկը։ Երկրում վեց ամսվա ընթացքում 90 օր գտնվելուց հետո անհրաժեշտ է ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն։

Վերջին շրջանում իրավապաշտպաններն ավելի հաճախ են զգուշացնում, որ Ղազախստանում իրավիճակը Ռուսաստանի քաղաքացիների համար դառնում է պակաս անվտանգ․ ավելացել են Ռուսաստանի պահանջով արտահանձնման դեպքերը, իսկ նաև Ռուսաստանի քաղաքացիներին սկսել են կանչել հարցաքննությունների՝ ժամանակավոր բնակության կեղծ թույլտվությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում։