AM
5 Օգոստոս 2026 - 10:47 AMT

Արեյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է Երևանի նախկին առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը, հայտնում է «Առավոտը»։

Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։

Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում և մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որևէ լիազորություն, կապ չի ունեցել։

Առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը։ Միջնորդությունը բավարարվել է, ինչից հետո դատական նիստը հետաձգվել է։

Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։