Վերջին շրջանում սոցիալական հարթակներում բնակարանների վարձակալության հետ կապված խարդախության դեպքերն ավելացել են, հայտնում է ՆԳՆ Կիբեռոստիկանությունը:
Սսոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։
Գումարը ստանալուց հետո խարդախները դադարեցրել են կապը, արգելափակել օգտատիրոջը կամ հեռացրել իրենց էջը։
Կիբեռոստիկանությունը հորդորում է երբեք կանխավճար չփոխանցել՝ մինչև բնակարանն անձամբ տեսնելը և համոզվելը, որ շփումը կատարվում է իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։
Չափազանց շահավետ թվացող առաջարկների դեպքում խարդախության հավանականությունը մեծ է։ Ցանկացած վճարում անհրաժեշտ է կատարել միայն գրավոր պայմանագիր կնքելուց հետո։
Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում ստուգել հայտարարությունը հրապարակած օգտահաշիվը։ Վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։
Հնարավորության դեպքում անհրաժեշտ է նաև պարզել՝ արդյոք բնակարանի լուսանկարներն այլ հայտարարություններում կամ կայքերում օգտագործված չեն եղել։
Խարդախության զոհ դառնալու կասկածի դեպքում կիբեռոստիկանությունը խորհուրդ է տվել հնարավորինս արագ կապ հաստատել բանկի հետ, պահպանել հաղորդագրությունների ամբողջ պատմությունը, փոխանցումների անդորրագրերն ու դեպքին վերաբերող մյուս տվյալները, ապա անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։
«Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:





