AM
5 Օգոստոս 2026 - 12:46 AMT

2026-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում քրվարույթների թիվն աճել է 16.6%-ով

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթների թիվն աճել է 16.6%-ով, հայտնում է Քննչական կոմիտեն։

2026 թվականի 1-ին կիսամյակում ՔԿ է ընդունվել 41,250 հաղորդում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.6%-ով։ Ընդունված հաղորդումներից 32,472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը կրկին 16.6%-ով շատ է 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ` 62․2%-ով շատ, քան 2025թ. հունվար-հունիս ժամանակահատվածում, կարճվել է 11,078–ը (13.8%-ով նվազել է)»,– ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեում ավարտվել է 58,820 քրեական վարույթի նախաքննություն, որոնցից 32,854-ը նախաձեռնվել է ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.5%-ով։

Հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 10 մլրդ 205 մլն 685 հազար դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 3 մլրդ 165 մլն 49 հազար դրամը կամ ընդհանուր վնասի 31%-ը։ Միաժամանակ արգելանք է դրվել 154 մլն 606 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։

Բացի այդ, անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2026 թվականի ընթացքում վերականգնվել է 6 մլրդ 624 մլն 467 հազար դրամ։

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից ընդհանուր վերականգնվել է 9 մլրդ 789 մլն 516 հազար դրամ։ Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 295 մլն 922 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։