AM
5 Օգոստոս 2026 - 16:48 AMT

Ձերբակալվել են «Մուլտի Գրուպի» նախկին գլխավոր տնօրենն ու գործող տնօրենը

Ձերբակալվել են գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը և ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Նրանք ձերբակալվել են՝ դատարան ներկայացվելու նպատակով, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասել է, որ դատարանն այժմ քննում է Քննչական կոմիտեի ներկայացրած՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, հայտնում է «Ազատությունը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդը, ըստ իրավապահների, կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Ծառուկյանի պաշտպանները պնդում են, որ պարտքային հարաբերություններում հակառակ կողմն է եղել իրանցի գործարարները, և, նրանց խոսքով, այդ հանգամանքը հաստատող պարտավորագրերն առկա են։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: