Տավուշի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթների, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 43 միլիոն 311 հազար դրամ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել նույն համայնքի Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ համապատասխանաբար 31.9 և 9.2 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքերը։
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին է վերադարձվել նաև Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքի 365.9 քառակուսի մետր մակերեսով տարածքը։
Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի առաջին կիսամյակում ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել 11 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ՝ 6 քրեական վարույթ։
Նույն ժամանակահատվածում ծանր հանցագործությունների գործերով օրինական ուժի մեջ է մտել 7 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով՝ 1 մեղադրական դատավճիռ։





