Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում նախատեսվում է անցկացնել լայնածավալ միջոցառումներ, որոնց ընդհանուր նախնական արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։
Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում արտերկրում գործող 51 դիվանագիտական ներկայացուցչություններում նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Դրանք կներառեն պաշտոնական ընդունելություններ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, գրքերի, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև գիտաժողովներ ու թեմատիկ քննարկումներ, հայտնում է Factor.am-ը:
Նախատեսվում է, որ միջոցառումների ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արդի ձեռքբերումները, խաղաղության օրակարգը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային և ներդրումային ներուժը։ Առանձին ուշադրություն կհատկացվի նաև հայկական խոհանոցին, գինեգործությանը և հայրենական արտադրանքին։
ԱԳՆ-ի հաշվարկներով՝ ծրագրերի իրականացման համար պահանջվող ֆինանսավորումը կապահովվի նախարարության ներքին միջոցների վերաբաշխման միջոցով։ Մասնավորապես, առաջարկվել է 260 մլն դրամ տեղափոխել «ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրից դեպի «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» ծրագիրը։
Նշված միջոցների օգտագործումը նախապես նախատեսվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և անվտանգային իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման նպատակով։ Սակայն ԱԳՆ-ի տվյալներով՝ փաստացի ներկայացված դիմումների հիման վրա ծախսվել է մոտ 140 մլն դրամ, ինչի արդյունքում ծրագրում պահպանվել է չօգտագործված մնացորդ։
Մնացած անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս նախատեսվել է հատկացնել Արտաքին գործերի նախարարության բյուջետային հատկացումների հաշվին։





