Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա տեղեկացրել է, որ կաթողիկոսը և գործով անցնող՝ Հայաստանում գտնվող եպիսկոպոսները մասնակցելու են առաջին դատական նիստին։
Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը։
«Ամենայն Հայոց Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը եկեղեցու ինքնավարության, պետություն–եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։ Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։ Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը», – գրել է Զոհրաբյանը։





