Ազգային ժողովը սկսել է քննարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Արամ Վարդևանյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։
Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։
Օրենքով սահմանված է, որ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի պաշտոնը, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահի պաշտոնները հատկացվում են ընդդիմությանը։
«Հայաստան» դաշինքն աջակցելու է և կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը, հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, գրում է Factor.am-ը:
Վարդևանյանի ընտրության համար անհրաժեշտ է 13 ՔՊ-ականի կողմ քվե։ Իշխող ուժը դեռ դիրքորոշում չի հայտնել, թե ինչպես է քվեարկելու։
Գրիգորյանը նշել է, որ ՔՊ-ն չի կարող չընտրել, քանի որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ պարտավորություն։ Այնինչ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստի ընթացքում պնդել է, որ ըստ կանոնակարգի՝ նման պարտավորություն չկա, և ցանկացած փոխնախագահի թեկնածուի կարելի է ընտրել կամ չընտրել, և չընտրելու դեպքում որևէ ճգնաժամ չի առաջանա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:





