AM
6 Օգոստոս 2026 - 12:45 AMT

Փաշինյան. Ատեստացիա չանցած ուսուցիչը չպետք է աշխատի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրակրթական ոլորտում ատեստացիա չանցած ուսուցիչները չպետք է աշխատեն դպրոցում։

«Լուրերով նայում էի երեկ, որ անբավարար ստացած դիմորդների թիվն անցած տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին։ Շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ ենք կոմպրոմիսների գնում ու արդյունքում տուժում են երեխաները։ Ատեստավորման գործընթաց է, 1, 2, 3, 4․․․ ինչքան կարելի է։ Չի հաղթահարում, ուրեմն պետք է դպրոցում չաշխատի։ Այդ իր աշակերտն է, որ գնում է ու ընդունելության քննությունը գոնե բավարար չի ստանում։ Չեմ էլ ասում գերազանց, գոնե բավարար»,- նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ և վճռական որոշումներ կայացնել։

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը։ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023 թվականի հունիսի 26-ին հայտարարել էր, որ այդ ժամանակվա տվյալներով հանրակրթական դպրոցներում ավելի քան 1300 ուսուցիչ չուներ բարձրագույն կրթություն։ Նախարարը նաև հայտնել էր, որ այդ ժամանակ արդեն մի քանի տասնյակ ուսուցիչ ստանում էր 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ։