AM
6 Օգոստոս 2026 - 13:23 AMT

Բաքվի դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռները

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները, հայտնում է APA-ն:

Հայտարարվել է, որ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահության կայացված որոշման համաձայն Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի վճիռը, բողոքարկումների մասով, մնում է անփոփոխ:

«Դատարանի որոշման համաձայն՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը Արաիկ Վլադիմիրի Հարությունյանի, Բակո Սահակի Սահակյանի, Դավիթ Կլիմի Բաբայանի, Լևոն Հենրիկի Մնացականյանի, Արկադի Արշավիրի Ղուկասյանի, Դավիթ Ազատի Մանուկյանի, Դավիթ Ռուբենի Իշխանյանի, Մադաթ Արակելի Բաբայանի, Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայանի, Գարիկ Գրիգորի Մարտիրոսյանի, Էրիկ Ռոբերտի Ղազարյանի, Վասիլի Իվանի Բեգլարյանի, Լևոն Ռոմիկի Բալայանի, Դավիթ Նելսոնի Ալլահվերդյանի և Գուրգեն Գոմերի Ստեփանյանի վերաբերյալ թողնվել է անփոփոխ՝ ներկայացված վերաքննիչ բողոքների մասով»,-ասվում է հրապարակման մեջ:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։