AM
Photo: TASS
6 Օգոստոս 2026 - 13:54 AMT

Օվերչուկ․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է երկու երրորդով

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականին կտրուկ նվազել է 2025-ի համեմատ և, նրա գնահատմամբ, շարունակելու է կրճատվել։

Նրա խոսքով՝ 2026-ին, նախորդ տարվա համեմատ, այդ ցուցանիշը նվազել է մոտ երկու երրորդով և կշարունակի կրճատվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն իրավիճակը, որը ձևավորվել է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք մեր գործընկերներին Հայաստանում ասել ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը»,– նշել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը։

Օվերչուկի խոսքով՝ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ Նրա տվյալներով՝ 2025-ին այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլար, իսկ 2026-ին արձանագրվել է կտրուկ անկում՝ մոտ երկու երրորդով՝ նախորդ տարվա համեմատ։

Նա հավելել է, որ առկա իրավիճակից ելնելով՝ ակնհայտ է, որ ապրանքաշրջանառությունը կշարունակի նվազել։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։