ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանի և կազմակերպության միջև կոնֆլիկտ չկա, իսկ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերին կարող են քննարկել Երևանի կողմից անդամավճարների չվճարման հարցը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և անդամ երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն նաև Հայաստանի կողմից կազմակերպության բյուջե վճարվող անդամավճարների հարցը։ Նա նշել է, որ համապատասխան որոշումը, անհրաժեշտության դեպքում, կընդունվի կոնսենսուսով, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վասիլևը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է անդամ երկրի՝ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտավորությունները երկու տարի չկատարելու դեպքում քվոտային պաշտոնների առաջադրման և կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքի կասեցման հնարավորություն։ Նրա խոսքով՝ փաստացի այդ իրավիճակն արդեն առկա է, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ քարտուղարությունում և հետ է կանչել Միավորված շտաբում աշխատող իր ներկայացուցիչներին։
Անդրադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին՝ Վասիլևը հայտարարել է. «Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի։ Խոսել այն մասին, թե այն իբր շարունակվում է 2021 թվականից, սկզբունքորեն ճիշտ չէ»։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ մանդատի շրջանակում չի եղել, և այդ մասին Երևանում տեղյակ են։
ՌԴ ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը՝ նշելով, որ Մոսկվայում արձանագրում են ՆԱՏՕ-ի և առանձին արևմտյան երկրների փորձերը՝ «հեռացնել» Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը չի համապատասխանում Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության երկարաժամկետ շահերին։
Վասիլևը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմական կապերը ձևավորվել են դարերի ընթացքում։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ 2021–2022 թվականներին դաշնակիցները ՀՀ նկատմամբ չեն կատարել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները։
Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունը կքննարկի կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ ձեռնարկվող միջոցները։





