«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատարանի բակում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման»։
«Իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն: Դրա համար գոյություն ունեն Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Այն հարցին, թե ինչ փուլում է այդ պայքարը, Կարապետյանը պատասխանել է, որ աշխատանքն ընթանում է փուլ առ փուլ։ Կարապետյանից նաև հետաքրքրվել են, թե ինչ փուլում է իր՝ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։
«Երբ հնարավորություն լինի ազատվել տնային կալանքից, դրանից հետո նոր այդ հարցը կտաք»,-ասել է նա:
Նա նաև արձագանքել է իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե ՀԷՑ-ը հավելագրումներ է արել, այդ թվում՝ մանկապարտեզների և բանակի հաշվին։
«Արդեն մեկ տարի երկու ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց»,- ասել է նա՝ այդ հայտարարությունները գնահատելով որպես անպատասխանատու։
Անդրադառնալով ընդդիմության համախմբման թեմային՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը նշել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
«Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք»,- ասել է նա՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ ում հետ են ընթանում քննարկումները։
Հունիսի 29-ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարել էր, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ Օգոստոսի սկզբին նա ասել է, որ գործընթացը կսկսվի մի քանի շաբաթից:
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։





