Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը ողջունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրական փոփոխությունները: Ըստ փոփոխությունների հանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի համար սահմանված նպաստների տրամադրման վերին շեմը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար հաշվարկային օրեր են համարվում ոչ միայն աշխատանքային, այլև տոն օրերը, նախատեսվել է փոփոխությունների հետադարձ ուժ:
Հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ, իր մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ, համաձայն որոնց Ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվելու են, հղիության և ծննդաբերության անաշխատունակության դեպքերից բացի ժամանակավոր անաշխատունակության մյուս բոլոր դեպքերի նպաստների համար պահպանվում է փոխհատուցման վերին շեմը` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Հասարակական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ազգային ժողովին`հղիության և ծննդաբերության նպաստների հաշվարկման համար հիմք ընդունել աշխատող կնոջ համախառն եկամուտը, ինչպես նախատեսում էր նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը կամ տրամադրվող նպաստի համար եկամտահարկ ու սոցիալական վճարներ գանձելու պարագայում ներկայացնել օրինագիծ` գոյացած միջոցներից գործազուրկ կանանց հղիության և ծննդաբերության նպաստ տրամադրելու մասին, նկատի ունենալով ՀՀ բոլոր քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` ժամանակավոր անաշխատունակության այլ դեպքերի համար (հղիության և ծննդաբերության արձակուրդից բացի) մինչև 5 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին փոխհատուցել նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ 5 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցողներին միջին աշխատավարձի 100%-ի չափով, ասվում է Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության հայտարարության մեջ:
2011թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովին` գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկելու և ընդունելու նպատակով:





