AM
8 Օգոստոս 2026 - 10:34 AMT

Նաթան սրբազան․ Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ էլ «Վելնես» կենտրոն, որ կարելի լինի բոլշևիկյան ձևով «կուլակաթափ» անել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին 1700 տարվա պատմություն ունեցող և ամբողջ աշխարհում տարածված կառույց է, այլ ոչ պարզապես տեղական կազմակերպություն։

«Եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը պետությունն է ու ժողովուրդը, իսկ հոգին՝ եկեղեցին։ Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ էլ «Վելնես» կենտրոն, որ կարելի լինի բոլշևիկյան ձևով «կուլակաթափ» անել, պետականացնել կամ իրենց կառավարիչը նշանակել»,- հայտարարել է արքեպիսկոպոսը, հայտնում է Factor.am-ը:

Պատասխանելով հարցին, թե կաթողիկոսը չէր կարող արդյոք ներկայանալ ԱԺ-ի առաջին նիստին առանց հրավերի, Նաթան սրբազանն այսպես է հակադարձել․ «Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն ա ու իրա գործը չի անում․ այդպես չի, էլի»։

ՀՀ անկախացումից հետո առաջին անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսը չէր հրավիրվել ԱԺ նոր գումարման առաջին նիստին և չի մասնակցել դրան:

Նա նաև ընդգծել է, որ ինքն իրեն հարգող յուրաքանչյուր անձ առանց պաշտոնական հրավերի որևէ վայր չի այցելում, առավել ևս, երբ խոսքը Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին է։

Մայր Աթոռի ներկայացուցիչը պատասխանել է նաև եկեղեցու և օտարերկրյա հատուկ ծառայությունների հնարավոր կապերի վերաբերյալ հնչող պնդումներին։

«Ի՞նչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ЦРУ-ի, ինչո՞ւ ոչ MI6-ի: Գաղտնիք չէ, ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի եմ, է ինչո՞ւ ինձ չեն որակավորում որպես MI6-ի ագենտ։ Ես նույն հարցը տվել եմ այստեղի իմ դեսպանին ու հյուպատոսին»,- ընդգծել է Նաթան սրբազանը՝ նման մեղադրանքներն ուղղակի անհեթեթ որակելով։

Նա, միաժամանակ, հավելել է․ «Եթե Հայաստանը եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօրվա գործող իշխանություններն են դրա մնացորդները»։

Անդրադառնալով նաև այն շահարկումներին, որոնց համաձայն՝ Վեհարանում գործարար և բարերար Սամվել Կարապետյանի լուսանկարն է փակցված, Նաթան սրբազանը պարզաբանել է, որ Վեհարանի ամբողջական վերանորոգումն ու կահավորումն իրականացվել են Սամվել Կարապետյանի բարեգործության շնորհիվ։

«Մենք ամեն տեղ մեր բարերարների նկատմամբ հարգանք ու երախտագիտություն ունենք․ գնացեք Մատենադարան՝ Վաչե և Թամար Մանուկյանների նկարները կան, այլ բարերարների նկարներ կան։ Դա երախտագիտություն է, այլ ոչ թե ուրիշ բան»,- եզրափակել է սրբազանը։