Օգոստոսի 5-7-ը ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ազգային լաբորատորիայի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԷԿ՝ քննարկելու միջուկային անվտանգության ոլորտում ընթացիկ համագործակցությունը։
Ամերիկյան պատվիրակության կազմում էին ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային վարչության (DOE/NNSA) Միջազգային միջուկային անվտանգության գրասենյակի (INS), ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի (PNNL) ներկայացուցիչները, մասնավորապես PNNL-ի լաբորատորիայի ղեկավար Մայքլ Քարը, DOE/INS-ի երկրի ղեկավարի տեղակալ Լիլիթ Ավոյանը և ֆիզիկական պաշտպանության ոլորտի փորձագետ Ջեյմս Բոնիլան։
Այցի ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ղեկավար կազմի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության միջև իրականացվող համագործակցության ծրագրերին, արդեն կատարված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև հետագա գործակցության հեռանկարներին։
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են կայանում իրականացված արդիականացումներին և քննարկել են դրանց գործնական կիրառմանն ու արդյունավետությանը վերաբերող հարցերը։ ՀԱԷԿ-ի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների մասնակցությամբ անցկացված աշխատանքային հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ աշխատանքների կարգավիճակին և համագործակցության հետագա ուղղություններին։
ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը նպաստել է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության համակարգերի շարունակական կատարելագործմանն ու անվտանգության մակարդակի ամրապնդմանը։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի, որի վերաբերյալ առաջարկներ կան և ՌԴ-ից, և ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, այլ երկրներից:





