ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ամբողջական ներդրումը դեռ չի ավարտվել, իսկ ՊՆ-ի պարզաբանումից հետևում է, որ առայժմ պարզ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի, հայտնում է Sputnik Արմենիան:
Գերատեսչության պարբերաբար հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստով են գլխավոր շտաբի պետն ու մի շարք այլ բարձրաստիճան սպաներ, մինչդեռ մյուսները շարունակումլ են կրել հին համազգեստը։ Այս առնչությամբ լրատվամիջոցը ՊՆ-ից հետաքրքրվել է, թե ղեկավարությունը երբ է նախատեսում ամբողջ անձնակազմի համազգեստի փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ անցումը նախատեսված էր դեռ 2024 թվականին։
«Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման, լեկալների (կառուցվածքի), ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում` նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին»,- պատասխանել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից հավաստիացրել են, որ զինված ուժերի ամբողջ անձնակազմը նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է։ Նոր նմուշների լիարժեք ներդրման ժամկետների մասին ՊՆ-ն խոստացել է տեղեկացնել այն ժամանակ, երբ դրանց վերաբերյալ տվյալները վերջնական և հստակ կլինեն։





