AM
12 Օգոստոս 2026 - 18:00 AMT

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի օգոստոսի 14-ից

Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Կամրջի հիմնանորոգման շրջանակում կատարված բոլոր աշխատանքների հիմնական նպատակն է եղել բարձրացնել երթևեկության անվտանգությունը և քաղաքացիների համար ապահովել առավել անվտանգ ու հարմարավետ պայմաններ։

Աշխատանքների ընթացքում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են կամրջի երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր ցինկապատ արգելափակոցներ։ Վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման ու ջրամեկուսացման համակարգերը, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, իսկ լուսավորության սյուների էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ տեղակայված դիտահորեր։

Երթևեկելի հատվածը բացելուց հետո կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները շարունակվելու են։

Նախատեսվում է իրականացնել հենարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում, ինչպես նաև այլ անհրաժեշտ աշխատանքներ։

Դեֆորմացիոն կարերի հատվածում կիրառվել է հատուկ պոլիմեր-բետոնային նյութ, որը Հայաստանում առաջին անգամ է օգտագործվել։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցնելու ժամանակ առաջացող հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի անվտանգ շահագործումն ապահովելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու համար։

Կիևյան կամուրջը երթևեկության համար փակ է հունիսի 17-ից։ Նախապես հայտարարվել էր, որ այն կբացվի օգոստոսի 29-ին, սակայն հուլիսին հայտարարվեց, որ վերաբացումն ավելի շուտ կլինի՝ օգոստոսի 15-ին: