AM
14 Օգոստոս 2026 - 10:31 AMT

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տեսուչները դպրոցների ղեկավարությանը հայտնել են, որ այսուհետ արգելվելու է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկել են նրանց տեղափոխել Թուրքիայի պետական դպրոցներ, հայտնում է Ermenihaber-ը:

Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգով օտարերկրացի երեխաները հնարավորություն են ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով կրթություն ստանալ ազգային փոքրամասնությունների դպրոցներում, սակայն առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Մոտ 14 տարի կիրառված այս պրակտիկան հանկարծակի դադարեցնելու փորձը լուրջ անհանգստություն է առաջացրել ինչպես հայ համայնքում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում։

«Մարդու իրավունքների և հալածյալների հետ համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների հարցով։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում հրատարակվող «Agos» հայկական շաբաթաթերթին հայտնել է, որ փորձել է հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշման հետևանքով տուժած ընտանիքների հետ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին: