ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ, քննարկելագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են ՌԴ տարածք հայկական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ժամանակ առկա սահմանափակումների վերացմանը և լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվ դարձնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
Պապոյանն ընդգծել է, որ առկա խնդիրների վերաբերյալ կառուցողական երկխոսությունը և փոխադարձ ընդունելի լուծումների որոնումն էական նշանակություն ունեն երկու պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը ներմուծվող հայկական ագրոարդյունաբերական արտադրանքի անվտանգության ապահովումն ու դրա նկատմամբ պարտադիր պահանջների կատարումը համարում է ռուսական շուկա մատակարարումների վերականգնման պայմաններ։ Այդ մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Interfax-ը:
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների կատարումը կարևորագույն պայման են այն ապրանքների ներմուծումը վերսկսելու համար, որոնց նկատմամբ ներկայում սահմանափակումներ են գործում»,- հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։
Ռուսական կողմը նաև ընդգծել է գործող նորմերն անվերապահորեն պահպանելու և առաքվող արտադրանքի անվտանգությունն ապահովող գործողությունների ալգորիթմ մշակելու անհրաժեշտությունը։





