ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը:
Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրան ձերբակալելու որոշում է ընդունվել։ Քննչական գործողություններ են կատարվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մոտ 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում։ Իրավապահ կառույցը չի հայտնել, թե քրեական վարույթը երբ է նախաձեռնվել։
Գագիկ Խաչատրյանի և նրա հետ փոխկապակցված անձանց առնչությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը սկսվել է դեռ 2021-2022 թվականներին։ Դատախազության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված մոտ 25 անձանցից պահանջվել է բռնագանձել 210 միավոր անշարժ գույք, որոնցից 60-ը՝ Երևանում, 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնակցություններ, ինչպես նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում ներառված է եղել նաև Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլմբի Հիլզ թաղամասում։ Այդ գույքի բռնագանձման հարցով ԱՄՆ-ում առանձին դատական գործընթաց է իրականացվել։ 2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ գույքի բռնագանձման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։





