Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Երևանը շահագրգռված չէ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությամբ, ապա այն Հայաստանում չի մնա։ Այդ մասին նա ասել է Բիշքեկում լրագրողների հետ զրույցում։
«Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանին պետք չէ, մենք վաղն իսկ կհեռանանք: Բայց Հայաստանը դրան պատրա՞ստ է: Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու: Իսկ եթե հայ ժողովուրդն ուզում է, որ այնտեղ ինչ-որ ռուսական ռազմական ներկայություն լինի, կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինը նաև ասել է, որ հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա՝ քննարկելու ՀՀ ապագայի հարցը ԵՄ և ԵԱՏՄ համատեքստում:
«Հրավիրել եմ նրան Մոսկվա՝ բոլոր հարցերն անշտապ, երկուսով և նրա մասնագետների, մեր մասնագետների հետ, քննարկելու՝ որ քննարկվեն բոլոր կետերը: Այնտեղ կոնկրետ հարցեր էլ կան՝ օրինակ, երկաթուղու հարցը »,-ասել է նա:





