Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ կանցկացվի, քանի որ ընտրված թեկնածուն դրական պատասխան չի տվել պաշտոնական առաջարկին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար հունիսի 24-ին կայացած մրցույթով ընտրված Ռուբեն Մելքոնյանը դրական պատասխան չի տվել աշխատանքի պաշտոնական հրավերին։
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` հունիսի 24-ին կայացած մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ ընթացել են բանակցություններ` աշխատանքին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ, սակայն պարոն Մելքոնյանի կողմից աշխատանքի պաշտոնական հրավերին դրական արձագանք չստացվեց, ինչի հիմքով Հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, և մենք սկսում ենք մրցույթի նոր շրջափուլ:
Այս ընթացքում Հիմնադրամի ֆինանսական տնօրեն Հայկ Բաբայանին առաջարկվել է զբաղեցնել ԱՀԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մինչև առաջիկայում կհրապարակենք նոր մրցույթի հրավերը»,- գրել է Ավանեսյանը։
Մինչ նոր մրցույթի արդյունքներով գլխավոր տնօրենի հաստիքի համալրումը Հոգաբարձուների խորհրդի և առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ Հիմնադրամի թիմը պարոն Բաբայանի գլխավորությամբ կշարունակի կայացման և բնականոն զարգացման ընթացքը:





